
Մեկնարկել է «Արմենիա» 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը
Թատերահամերգային կազմակերպությունների 2024-25 թվականների նոր թատերաշրջանի շրջանակում այսօր մեկնարկել է«Արմենիա» 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որով ազդարարվել է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 19-րդ համերգաշրջանի բացումը,- հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը
Բացման համերգին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը, ԿԳՄՍ նախարարի տեղակալը, Հայաստան ժամանած ֆրանկոֆոն պատվիրակության անդամները։ Համերգին նվագախումբը ներկայացրել է հայ և համաշխարհային դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Փառատոնի հինգ սիմֆոնիկ համերգներում ընդգրկված են հայ, ռուս և եվրոպացի մի շարք կոմպոզիտորներ։ Փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 28-ը։
Փառատոնի ընթացքում երևանյան բեմ կբարձրանան հանրահայտ դաշնակահարներ Եկվոն Սունվուն‚ Հայկ Մելիքյանը‚ Նիկիտա Մնդոյանցը‚ թավջութակահար Մաքսիմիլիան Հորնունգը‚ ջութակահար Սթիվեն Ուորթսը: Համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը‚ Նաբիլ Շեհատան‚ Լուիս Անդրադեն, Ռեմի Դյուրուն:
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը հիմնադրվել է 2017 թվականին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովի համատեղ ջանքերով:
Շուշան Ասրյան