Մասնավոր թատրոնների աջակցման ծրագիր Հայաստանում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով նախատեսվում է աջակցության հնարավորություն տալ մասնավոր թատրոններին։ Ծրագիրը խրախուսում է մասնավոր թատրոնին կայանալ, զարգանալ, ունենալ հանդես գալու հարթակներ՝ և պետական թատրոնների հետ համագործակցությամբ ստեղծել համատեղ ներկայացումներ:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել երեք տարբերակով։ Աջակցությունը հնարավորությունները տարբեր են լինելու։ Օրինակ՝ կարող է լինել ֆինանսական աջակցություն։ Հատկապես խոսքը դեբյուտային թատրոնների մասին է, որոնք նոր-նոր են ստեղծվել, ֆինանսական աջակցության կարիք ունեն, որ կարողանան բեմադրություններ կյանքի կոչել։ Աջակցության հաջորդ հնարավորությունը վերաբերում է բեմադրությունների համար հարթակներ տրամադրելուն։ Նոր ձևավորվող թատրոնները տարածքի խնդիր ունեն, իսկ պետությունը կարող է եղած թատրոններում հարթակներ տրամադրել մասնավորներին։ Աջակցության երրորդ տարբերակը վերաբերում է մասնավոր թատրոնի հետ երկարաժամկետ կտրվածքով համագործակցության հնարավորություններին,- մանրամասնել է փոխնախարար Դանիել Դանիելյանը։
Նախարարը նախատեսում է նաև երեք էլեկտրոնային կայքերում ունենալ թատրոնին վերաբերող հոդվածներ, քննադատական վերլուծական նյութեր, որոնք կհրապարակվեն տարբեր լեզուներով։
Անդրադառնալով «Գոյ» թատրոնին Նախարարի տեղակալը նշեց, որ նրանց առաջարկվել է Սունդուկյանի անվան թատրոնի շենքի դահլիճում տարեկան 120-ից ավելի օրեր իրենց ներկայացումները խաղալու համար, սակայն պատասխան դեռ չի ստացվել: Նա ընդգծեց, որ «Գոյը» և Սունդուկյանը, հնարավոր իրավաբանական միավորման դեպքում, պետք է պահպանեն իրենց յուրահատուկ առանձնահատկությունները։
Սակայն «Գոյի» թատրոնը դեռ 2024 թվականին հայտարարել էր իր դիրքորոշումը՝ նշելով, որ թատրոնը տարիներ շարունակ եղել է լաբորատոր-փորձարարական արվեստի կարևոր կենտրոն՝ դառնալով բազմաթիվ դերասանների, ռեժիսորների և այլ ստեղծագործողների համար ինքնարտահայտման հարթակ:
Մենք չենք կարող կորցնել այս արժեքավոր մշակութային օջախը,- ասել է թատրոնի ղեկավարությունը։
Մասնավոր թատրոնները կարող են դիմել աջակցություն ստանալու համար գործադիրի կողմից հավանության արժանանալուց հետո։
