ՀայաստանՄշակույթ

Թուրքիայում վերականգնվում է Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին

Թուրքիայի Դիարբեքիրի նահանգում շուրջ 500 տարվա պատմություն ունեցող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին վերականգնվում է: Նահանգապետ Մուրադ Զորլուօղլուն այցելել է եկեղեցի՝ ծանոթանալու տեղում ընթացող շինաշխատանքներին: Համայնքի բացակայության պատճառով եկեղեցին ժամանակի ընթացքում վնասվել էր, իսկ 2023-ի Քահրամանմարաշի երկրաշարժերը ևս վնասներ էին պատճառել:

Նահանգապետը տեղեկացվել է, որ վերականգնողական աշխատանքները սկսվել են 2024-ին: «Մենք մեծ նշանակություն ենք տալիս մշակութային ժառանգության պահպանմանը: Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո այս պատմական կառույցը կարևոր ներդրում կունենա Սուրի պատմական կառուցվածքի և քաղաքի մշակութային բազմազանության հարցում»,- նշել է Զորլուօղլուն:

Թուրքական իշխանությունների կողմից եկեղեցու վերակառուցման թույլտվությունը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Արևմտյան պետությունների ուշադիր հսկողության ներքո, հնարավոր է դիտարկել որպես դիվանագիտական բնույթի փոխզիջումային քայլ։ Քանի որ Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է մի տարածքում, որտեղ հայկական համայնք գրեթե գոյություն չունի, դրա վերականգնումը չի կարող զգալիորեն նպաստել տեղում հայկական ինքնության զարթոնքին։ Այսպիսով, ենթադրվում է, որ իրականացվում է մի նախագիծ, որը մեծամասամբ «բազմակողմանի անվնաս» է (այսինքն՝ չի պարունակում ուժեղ ներքաղաքական կամ սոցիալական ռիսկեր), սակայն միջազգային հարթակում Թուրքիային հնարավորություն է տալիս ցուցադրել մշակութային բազմազանությունը որպես պետական քաղաքականություն որդեգրելու իր դիրքորոշումը։