Կառավարությունը գումար կհատկացնի Արուճի Սբ Գրիգոր եկեղեցու թմբուկի պաշտպանիչ ծածկի համար
Հայաստանի կառավարությունը ավելի քան 53 միլիոն դրամ կհատկացնի Արագածոտնի մարզի Արուճի Սբ Գրիգոր եկեղեցու թմբուկի ժամանակավոր պաշտպանիչ ծածկի ձեռքբերման համար։ Միջոցները տրամադրվելու են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ պետբյուջեից վերաբաշխման միջոցով։
Սուրբ Գրիգոր եկեղեցին գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում և պատկանում է գմբեթավոր դահլիճ տիպի կառույցներին։ Ըստ շինարարական արձանագրության` Արուճի եկեղեցին կառուցել է Գրիգոր Ա Մամիկոնյանը 7-րդ դարի 60-ական թվականներին: Տաճարը թեև կանգուն է, բայց կիսավեր վիճակում է։ Նախկինում ներսից պատված է եղել Համբարձման տեսարանը ներկայացնող որմնանկարներով, որոնք այժմ գրեթե անհետացել են։
Եկեղեցու գմբեթը այս պահին քանդված է, և բաց լինելու պատճառով թմբուկը ենթարկվում է կլիմայական ազդեցությունների և քայքայման։ Այս ֆինանսական աջակցությունը իրականացվում է հաշվի առնելով հուշարձանի պահպանության անհրաժեշտությունը։
Հայ-իտալական համագործակցության շրջանակում շարունակվում են նաև եկեղեցու հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները։ Իտալացի և հայ ճարտարապետների մասնակցությամբ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը իրականացնում է հնագիտական պեղումներ Արուճի ամրոցում։ Իրականացվում են նաև ուսումնասիրություններ՝ գնահատելու համար եկեղեցու և ամրոցի տեխնիկական վիճակը ու գմբեթի վերականգնման հնարավորությունը։
