Վերականգնվում է Վերին Դվինի ասորական Ումրա (Մար Թումա) եկեղեցին
Արարատի մարզի Վերին Դվին գյուղի ասորական Ումրա (Մար Թումա) եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսվում է սկսել նախագծման փուլից հետո։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ եկեղեցու վերականգնումը ներառված է նախարարության առաջնահերթությունների թվում։ Արդեն մրցութային կարգով պատվիրվել է եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակումը։ Այդ նպատակով պետական բյուջեից հատկացվել է 6 միլիոն դրամ։
Նախարարը նշել է, որ այս տարի կիրականացվեն նախագծման աշխատանքները, որից հետո կանցնեն շինարարական փուլին։ Նախագիծը պետք է քննարկվի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդում, իսկ աշխատանքների ընթացքը վերահսկվելու է մասնագիտական խորհրդի կողմից։
Անդրեասյանը տեղեկացրել է նաև, որ վերջին տարիներին աճել են հուշարձանների վերականգնման համար նախատեսված պետական հատկացումները։ Նրա խոսքով՝ նախորդ տարի այդ նպատակով ուղղվել է ավելի քան 1,3 միլիարդ դրամ, ինչը հնարավորություն է տալիս մեկ տարվա ընթացքում աշխատանքներ իրականացնել շուրջ չորս տասնյակ հուշարձաններում։
Նախարարը ընդգծել է, որ 2023–2027 թվականների մշակույթի պահպանության և զարգացման ռազմավարությամբ հատուկ ուշադրություն է դարձվում ազգային փոքրամասնությունների հուշարձանների պահպանությանը։ Նրա խոսքով՝ արդեն իրականացվում են վերականգնման աշխատանքներ այդ ժառանգությանը պատկանող մի շարք հուշարձաններում, իսկ առաջնահերթություն տրվում է առավել վտանգված կառույցներին։

