ՀայաստանՄշակույթ

Ռուբեն Քոչարը խոսել է Երվանդ Քոչարի անհետացած գործերի մասին

Նոյեմբերի 20-ին Երվանդ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը, և իրավաբան Տիգրան Աթանեսյանը խոսել են նախորդ օրը մամուլում տարածված հայտարարությունների մասին։ Ռուբեն Քոչարը մտահոգություն է հայտնել, որ թանգարանում ներկայացված գործերից որոշները իրական չեն։ Այդ թեմայով նրանք դիմել են ԿԳՄՍ նախարարություն։ Պարզվել է, որ ստուգումներ պարբերաբար արվել են թանգարանում։ Սակայն, ինչպես նշում է փաստաբանը, միշտ ինքնաստուգում է արվում և նախարարությանը տեղեկացնում, որ ամեն ինչ լավ է։

Այս համատեքստում նա անդրադարձել է Երվանդ Քոչարի «Ինքնանկարին»։

Ինչպես նշեց իրավաբանը՝ անհետացել են «Երեքը սրճարանում», «Դիմակով մարդը», «Պատուհանի մոտ», «Հերարձակ կին», «Կոմպոզիցիա․ դուդուկ» և այլ գործեր։ Վերջինս գտնվել է Մոսկվայում։ Ինչպես նշեց Քոչարը՝ այն թանգարանին է նվիրաբերել մոսկվաբնակ գործարար Էմիլ Սարգսյանը։

Թանգարանը Քոչարի մահից հետո բացել է կինը՝ Մանիկ Մկրտչյանը։ Նա որդիներին առաջարկել է նկարները պահ տալ թանգարանին, որոնք Քոչարը ժառանգել էր նրանց։ Ռուբեն Քոչարը թանգարանին է հանձնել 21 գործ։

Քոչարը հայտարարել է, որ չի պատրաստվում գործերը հետ վերցնել թանգարանից։ Այնուամենայնիվ նրանք դիմել են Պետական վերահսկողական ծառայություն՝ խնդիրը լուծելու նպատակով։