
Կառավարությունը կհոգա հակակարկտային ցանցերի տեղադրման ծախսերի 75 տոկոսը
Կառավարության երեկվա նիստում որոշում է ընդունվել հակակարկտային ցանցեր տեղադրել Հայաստանի այն գյուղերում, որտեղ հաճախ է կարկուտ տեղում։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ հակակարկտային ցանցը 1 հեկտարի համար կազմում է 12,1 մլն դրամ։ Կառավարությունը կփոխհատուցի հակակարկտային ցանցերի 75 տոկոսը՝ շուրջ 9 մլն դրամ։
Նախարարը հավելել է, որ հակակարկտային ցանցերի ներդրումը կարող է տասնամյակներով կայուն եկամուտ ապահովել ընտանիքիներին։
Ծրագրի իրականացման ընթացակարգը հետևյալն է․ փոխհատուցման գործընթացը նախաձեռնում են շահառուները մինչև կապալառուի հետ պայմանագրի կնքումը։ Բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան ցանցի ներդրման աշխատանքների սկսելու համար դիմում են նախարարություն՝ նշելով հողատարածքի տեղը, չափը, համապատասխան փաստաթղթերը։
Դիմումն ընդունելուց հետո 15 օրվա ընթացքում իրականացվում է տեղազննություն և կազմվում է արձանագրություն։ Դրական եզրակացության դեպքում շահառուի հետ կնքվում է պայմանագիր, և տրվում է 2 տարի ժամկետ։ Կարկտապաշտպան ցանցը ներդնելու համար պարտադիր պայման է, որ գործողությունը արվի կապալառուի միջոցով։ Այսինքն՝ տնտեսվարողը կնքում է պայմանագիր կապալառուի հետ, տալիս է իր մասնաբաժին գումարը (3 մլն դրամ)։ Կառավարությունը վճարում է աշխատանքը ավարտելուց հետո։
Կարկտապաշտպան ցանցը ներդնելուց հետո պայմանագիր կնքած շահառուն դիմում է նախարարություն՝ կից ներկայացնելով կապալառուի հետ կնքված պայմանագրի պատճենը և կատարված աշխատանքների հանձնման ընդունման ակտը։ Այն պետք է ներառի նաև կապալառուի փաստացի կատարված ծախսերի, շահառուի կողմից վճարված և նախարարության կողմից վճարվելիք գումարների վերաբերյալ հստակ տեղեկատվություն՝ շահառուի կողմից վճարման անդորրագիրը՝ 25 տոկոսի չափով և ծրագրով սահմանված այլ փաստաթղթեր։
Փաստաթղթերի ընդունումից հետո իրականացվում է մոնիթորինգ։ Դրական արդյունքների դեպքում նախարարության և կապալառուի միջև կնքվում է պայմանագիր։ Դրա հիման վրա գումարը փոխհատուցվում է կապալառուի հաշվեհամարին։
Նախագծով սահմանված է դրույթ, ըստ որի՝ 5 տարի չպետք է օտարել այգին և կարկտապաշտպան ցանցը։ Պետք է ապահովել շահագործումը հետներդրումային 5 տարիների ընթացքում։