ՀայաստանՏնտեսություն

Օդային նոր շունչ Գյումրիին․ Դեպի «Շիրակ» օդանավակայան նոր թռիչքներ կլինեն

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շուտով կարող է զգալիորեն ակտիվանալ օդային հաղորդակցության տեսանկյունից։ Ռուսական խոշոր ավիաընկերությունները՝ «Աերոֆլոտն» ու դրա դուստր ընկերություն «Ռոսիան», ստացել են պաշտոնական թույլտվություններ Գյումրիի «Շիրակ» օդանավակայան թռիչքներ իրականացնելու համար։ «Աերոֆլոտը» կթռչի Միներալնիե Վոդիից, «Ռոսիան»՝ Սոչիից։

Երկու ընկերությունն էլ հնարավորություն ունեն Գյումրի ուղևորափոխադրումներ իրականացնել շաբաթական մինչև յոթ անգամ, այսինքն՝ օրական մեկ թռիչք։

Այս պահին «Շիրակ» օդանավակայանը սպասարկում է միայն մեկ ուղղություն՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից իրականացվող «Պոբեդա» ընկերության թռիչքը։ Այն ևս պատկանում է «Աերոֆլոտ» ավիաընկերությանը։ Նոր թույլտվությունները նշանակում են, որ Գյումրին կարող է վերածվել ավիափոխադրումների կարևոր կետի՝ հատկապես Ռուսաստանի հարավից և Կովկասից եկող ուղևորների համար։

Այս որոշումը կարող է մեծացնել ոչ միայն Գյումրիի, այլև ողջ Շիրակի մարզի զբոսաշրջային, տնտեսական և հաղորդակցական հնարավորությունները։ Հիշեցնենք, որ Երևանը օդային ճանապարհով կապված է ռուսական խոշոր քաղաքների հետ։ «Աերոֆլոտը» թռիչքներ է կատարում Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Սոչիից, Եկատերինբուրգից, իսկ «Ռոսիան»՝ Սոչիից, Վոլգոգրադից և Սանկտ Պետերբուրգից։

Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները նախատեսում են սուբսիդավորել նոր ուղղություններով Հայաստան ժամանող թռիչքները։ Ըստ նախագծի, 15 հազար դրամ փոխհատուցում կտրամադրվի Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարող երկու տարեկանից բարձր ուղևորների համար, իսկ Երևանում՝ «Զվարթնոց» օդանավակայանում՝ 20 հազար դրամ։ Նոր ուղղություններ են համարվում այնպիսի խոշորագույն քաղաքներ, որտեղ ամռանը չվերթների քանակը չի գերազանցում 14-ը, իսկ ձմռանը՝ 10-ը։

Սուբսիդավորման ծրագիրը կկիրառվի այն ավիաընկերությունների համար, որոնք կիրառում են շաբաթական առնվազն մեկ թռիչք, նաև՝ եթե նրանք ունեն երկու օդանավ՝ սեփական կամ լիզինգի պայմանագրով։