
Կարապետյանների ընտանիքը Հայաստանից 500 միլիոն դոլար փոխհատուցում է պահանջում
Օգոստոսի 11-ին Սամվել Կարապետյանն ու իր ընտանիքը պաշտոնապես միջազգային արբիտրաժային վարույթ են նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ՝ պահանջելով 500 միլիոն դոլար փոխհատուցում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) սեփականազրկման պատճառով առաջացած վնասների համար։ Այս մասին տեղեկացրել է Կարապետյանի պաշտպանական խորհուրդը։ Ըստ հաղորդագրության՝ այս թիվը դեռ նախնական և և կարող է փոփոխվել արբիրտաժային տրիբունալի կողմից վերջնական գնահատման արդյունքում։
Վարույթը հիմնված է 1995 թվականի հունվարի 18-ին Հայաստանի և Կիպրոսի միջև ստորագրված «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի» վրա։
Կարապետյանների ընտանիքը պնդում է, որ Հայաստանի գործողությունները քաղաքականապես ուղղորդված, անարդար և խտրական են, և նպատակ ունեն զրկել իրենց ՀԷՑ-ի նկատմամբ սեփականության իրավունքից։ Նրանք նշում են, որ Հայաստանը խախտել է միջազգային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները՝ չապահովելով իրենց ներդրումների լիարժեք պաշտպանությունը։
Ըստ պաշտպանական խմբի, վեճը ծագել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Սամվել Կարապետյանի և նրա բիզնեսի նկատմամբ սկսված ճնշումներից հետո, երբ Կարապետյանը հրապարակայնորեն պաշտպանել է Հայ առաքելական եկեղեցուն։ 2025 թվականի հունիսի 17-ին ոստիկանությունը խուզարկություն է կատարել Կարապետյանի տանը և նրան ձերբակալել՝ իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Նա մինչ օրս կալանքի տակ է։
Նույն օրը հայտարարվել է, որ ՀԷՑ-ը կանցնի պետական կառավարման։ Կառավարությունը արագացրել է այդ գործընթացը՝ ընդունելով անհրաժեշտ օրենքներ և նշանակելով Ռոմանոս Պետրոսյանին՝ ընկերության կառավարիչ։ Կարապետյանների ընտանիքը առաջարկել է բանակցություններ, բայց կառավարությունը մերժել է դրանք։
Վերջինս ստիպված է եղել դիմել Ստոկհոլմի առևտրի պալատի արբիտրաժին, որը սկզբից պարտավորեցրել էր Հայաստանին դադարեցնել նոր օրենքների կիրառումներն ու ՀԷՑ-ի բռնագրավումը։ Բայց Կարապետյանների ընտանիքը այդ որոշման հիման վրա ցանկանում էր նաև իրավական պարտավորության հստակ ձևակերպում և ընթացիկ գործողությունների պարտադիր կարգ՝ ինչը այս փուլում մերժվել է։