ՀայաստանՏնտեսություն

ՀԷՑ–ը քննություն է սկսել «Կասկադ Էներգո»–ի հետ մատակարարումների շուրջ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է ընկերության և հիմնական մատակարար «Կասկադ Էներգո» ռուսական ընկերության միջև առաջացած մի շարք խնդիրների մասին, որոնց թվում են բազմաթիվ փաստաթղթերի բացակայությունը և մի քանի միլիարդ դրամի կանխավճարը, որի դիմաց ապրանք կամ ծառայություն դեռ չի մատակարարվել։

Պետրոսյանը տեղեկացրել է, որ օգոստոսի 27-ին հանդիպել է «Կասկադ Էներգո» ընկերության ղեկավարության հետ՝ քննարկելու խնդիրները։ Ըստ նրա՝ 2016-2017 թվականներից ի վեր «Կասկադ Էներգոն» ՀԷՑ-ին մատակարարել է ավելի քան 800 հազար էլեկտրոնային հաշվիչ՝ մոտ 100 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ։ Բացահայտվել է, որ մատակարարված սարքավորումներին և ծառայություններին առնչվող բազմաթիվ հանձնման-ընդունման ակտեր ու այլ փաստաթղթեր բացակայում են։

Նա նաև հայտնել է, որ ՀԷՑ–ը դադարեցնում է «ավանդույթի ուժով» հաշվիչները բացառապես «Կասկադ Էներգոյից» ձեռք բերելու պրակտիկան։

Խնդիրները կարգավորելու նպատակով ՀԷՑ–ում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մինչև սեպտեմբերի 30-ը պետք է մանրամասն գույքագրի կողմերի իրավական և ֆինանսական փոխպարտավորությունները, լրացնի բացակա փաստաթղթերը և կատարի ֆինանսական հաշվարկներ։ Կողմերը պայմանավորվել են մեկամսյա ժամկետում կրկին հանդիպել՝ արդյունքները ամփոփելու համար։