ՀայաստանՏնտեսություն

Հայաստանի էլեկտրական համակարգը հայտնվել է կրիտիկական վիճակում

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» հայտնվել է բարդ ու լուրջ իրավիճակում. այնպիսին, որը տարիների ընթացքում կուտակված անտարբերության, հնացած համակարգերի և կառավարման բացթողումների ուղիղ հետևանքն է։ Այս մասին օրերս ահազանգել է հենց ընկերությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ), որը սպասարկում է երկրի գրեթե մեկ միլիոն բաժանորդ։

Ընկերության պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ ՀԷՑ-ի էլեկտրական սարքավորումների մեծ մասը ֆիզիկապես մաշված է, որոշ դեպքերում՝ ընդհանրապես պիտանի չէ շահագործման։ Իսկ ինչը հատկապես մտահոգիչ է՝ ՀԷՑ-ը զուրկ է ժամանակակից ավտոմատ կառավարման ու հեռահաղորդակցության համակարգերից, որոնց միջոցով կարելի է, օրինակ, իրական ժամանակում հայտնաբերել վթար կամ խափանում։

Արդյունքում վերջին տարիներին՝ անջատումների քանակը կտրուկ աճել է, իսկ բնակչության դժգոհությունը մեծացել է։ Ըստ ՀԷՑ-ի՝ այս ամենը տարիների ընթացքում անպատասխանատու կառավարման, անուշադրության և ներդրումների բացակայության հետևանքն է։ Բայց այսօր արդեն խոսքը միայն մաշված լարերի մասին չէ։ Խոսքը վերաբերում է ամբողջ համակարգի փլուզման վտանգին, որը կարող է ազդել երկրի էներգետիկ անվտանգության և նույնիսկ հասարակական կարգի վրա։

Հուլիսի 18-ին ՀԷՑ-ի կառավարումը անցել է պետական ներկայացուցչի՝ Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարությանը, որը սկսել է կադրային վերադասավորումներ։ Փոխվել են միանգամից մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, իսկ նոր ղեկավարությունը խոստանում է բացահայտել նախկին չարաշահումները, կանխել հնարավոր «մանիպուլյացիաները» համակարգում, սկսել համակարգի արդիականացումը։

ՀԷՑ-ը պատկանում է ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանին, ով վերջին ամիսներին հայտնվել է քաղաքական և իրավական ուշադրության կենտրոնում։ Կարապետյանը հունիսի 18-ին ձերբակալվել էր Հայաստանում՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի մեղադրանքով։ Մինչ այդ նա հայտարարել էր, որ պատրաստ է «իր ձևով» մասնակցել Հայաստանում ստեղծված իրավիճակին, եթե քաղաքական ուժերը ձախողվեն։

Սրան զուգահեռ իշխանությունները սկսեցին գործընթաց, որի նպատակն էր ՀԷՑ-ը պետականացնել։ Համապատասխան օրենսդրական փոփոխությունները արդեն ընդունվել են, ինչը հնարավորություն է տալիս կառավարությանը՝ անհրաժեշտության դեպքում վերցնել կառավարման լծակները իր ձեռքը։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ «Տաշիր» խումբը 2016-ից ի վեր ՀԷՑ-ում ներդրել է մոտ 680 միլիոն դոլար, իսկ ընդհանուր ներդրումները մինչև 2034 թվականը պետք է հասնեն մոտ 540 միլիարդ դրամի։

ՀԷՑ-ը զգուշացնում է՝ հնարավոր են խափանումներ և հոսանքի արտակարգ անջատումներ։ Թեև իրենց օպերատիվ խմբերը աշխատում են շուրջօրյա, վերականգնումը որոշ դեպքերում կարող է ավելի երկար տևել։ Ընկերությունը ներողություն է խնդրում անհարմարությունների համար։ Իսկ մեծ հարցն այն է՝ ինչպես պատահեց, որ տարիներ շարունակ հարյուրավոր միլիոնների ներդրումների ֆոնին երկրի էլեկտրացանցը հասավ այս վիճակին։ Եվ ամենակարևորը՝ ովքե՞ր են պատասխանատու այն բանի համար, որ երկիրը այսօր կանգնած է էներգետիկ ճգնաժամի շեմին։