ՀայաստանՏնտեսություն

Հայաստանն ու Իրանը ընդլայնում են տնտեսական համագործակցությունը․ արտահանումների ծավալները կավելանան

2025 թվականի առաջին կեսին Իրանի և Հայաստանի միջև գտնվող միակ ցամաքային՝ Նորդուզի մաքսակետից արտահանման ծավալներն աճել են մոտ 30 տոկոսով՝ հասնելով ավելի քան 644 հազար տոննայի, իսկ արտահանման ընդհանուր արժեքը գերազանցել է 152 միլիոն դոլարը։ Տվյալները հրապարակել է Իրանի պաշտոնական IRNA գործակալությունը՝ հղում անելով մաքսակետի ղեկավար Ռեզա Թաղիզադեին։

Արտահանվող ապրանքների թվում են ամրաններ, ցեմենտ, պրոֆիլներ, մրգեր, նատրիումի սուլֆիդ և կլինկեր, որոնք հիմնականում արտադրվում են Հայաստանում և տարածաշրջանի այլ երկրներում։ Բացի դրանից, տարանցիկ բեռնափոխադրումների ծավալներն էլ աճել են՝ կազմելով ավելի քան 176 հազար տոննա, ինչը 13 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Մաքսակետի ակտիվությունն ու աճող առևտրային հոսքը վկայում են, որ Հայաստանը կարողանում է աստիճանաբար ընդլայնել իր արտահանման շուկաները, հատկապես՝ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և նրա միջոցով դեպի Մերձավոր Արևելքի մյուս երկրներ։

Բացի այդ, Իրանի իշխանությունները հայտարարել են Նորդուզում երկրորդ կամրջի կառուցման ծրագրի մասին, որը կբարձրացնի բեռնափոխադրումների հոսքը և կնպաստի Հայաստանի՝ որպես տարանցիկ երկրի դերի ամրապնդմանը։

Տնտեսական վերլուծաբանների գնահատմամբ՝ Նորդուզի մաքսակետը Հայաստանի համար կարող է դառնալ կարևոր ռազմավարական հանգույց՝ ապահովելով ոչ միայն ապրանքների արտահանում, այլև նոր ենթակառուցվածքների զարգացում, աշխատատեղերի ստեղծում և տնտեսական ակտիվության ավելացում։