ՀայաստանՏնտեսություն

Ցորենի խմբաքանակներում վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել

Պետական վերահսկողության շրջանակում իրականացվել են Ռուսաստանից և Ղազախստանից Հայաստան ներկրված ցորենի խմբաքանակների լաբորատոր փորձարկումներ։ Այս մասին հայտնում է Սննդի անվտանգության տեսչական մարմինը։

Փորձաքննությունները անցկացվել են երեք հիմնական ուղղությամբ՝ բուսասանիտարական, անվտանգության և որակի ցուցանիշների գնահատման՝ համաձայն Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման պահանջների, «Հացահատիկի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի, ինչպես նաև «Ցորեն․ տեխնիկական պայմաններ» ստանդարտի պահանջներով։

Լաբորատոր փորձարկումների արդյունքներով՝ ցորենի խմբաքանակներում վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել։ Ուսումնասիրության ընթացքում հետազոտվել են ծանր մետաղները, պեստիցիդները, միկոտոքսինները և ռադիոակտիվությունը․ սահմանային թույլատրելի նորմերից շեղումներ չեն արձանագրվել։ Իսկ որակի ցուցանիշների ուսումնասիրությունները, այնուամենայնիվ, դեռ ընթացքի մեջ են։

Էկոնոմիկայի նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ Ռուսաստանից ներկրված ցորենը բարձր որակի է, իսկ Ղազախստանից ներկրվածը՝ IV դասի, որը նախատեսված է կոմբիկերի արտադրության համար, այսինքն հացի արտադրության նպատակով չի օգտագործվում։ Այս հանգամանքը որոշ դժգոհություններ էր առաջացրել, քանի որ հանրության մի մասը մտահոգություն էր հայտնել ցածրորակ հացահատիկի հնարավոր օգտագործման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ղազախական ցորենը Հայաստան էր ժամանել նոյեմբերի 8-ին։ Սա առաջին դեպքն է վերջին 35 տարում, երբ Հայաստան ցորեն է ներկրվել երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով։

Մարինա Գրիգորյան