
Եղեգնաձորում «Թումո տուփ» կտեղադրվի
Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում կտեղադրվի ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո տուփ» շարժական լաբորատորիա։ ՀՀ կառավարությունը հունիսի 20-ի նիստում որոշում է կայացրել Շահումյան 12 հասցեում գտնվող 7519 քմ տարածքից 625 քմ-ը անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Սիմոնյան» կրթական հիմնադրամին՝ 5 տարի ժամկետով։
Տարածքը ներկայումս օգտագործում է «Եղեգնաձորի վարժարան» ՊՈԱԿ-ը, սակայն որոշման ուժի մեջ մտնելուց հետո հողամասը կտրամադրվի «Թումո տուփի» տեղադրման նպատակով։
«Թումո» կենտրոնները տրամադրում են անվճար կրթություն մի շարք տեխնոլոգիական և ստեղծարար ոլորտներում՝ ծրագրավորում, դիզայն, մուլտիմեդիա, ճարտարագիտություն և այլ ուղղություններով։ Դրանք հիմնականում նախատեսված են երեխաների և դեռահասների համար։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Հայաստանում գործում է 6 հիմնական «Թումո» կենտրոն և դրանց կից 35 «թումո տուփ»՝ հասանելի դարձնելով ոչ ֆորմալ կրթությունը երկրի տարբեր բնակավայրերում։ Ըստ նրա, շաբաթական ավելի քան 21 հազար երեխա է հաճախում «Թումո» կենտրոններ և տուփեր։ Կենտրոններ են բացվում նաև այլ երկրներում, որոնց շարքում են Ֆրանսիան, Ալբանիան, Ուրուգվայը, Լիբանանը, Ուկրաինան և այլն։