Հայաստանը ԵՄ ֆինանսական փաթեթից արդեն ստացել է շուրջ 1.5 մլրդ եվրո
Եվրոպական միության կողմից 2021 թվականին Հայաստանին հատկացված 2.6 միլիարդ եվրոյի աջակցման փաթեթից արդեն տրամադրվել է մոտ 1 միլիարդ 496 միլիոն եվրո։ Այս մասին Ազգային ժողովում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ պատասխանելով պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին։
Փոխնախարարի խոսքով՝ ստացված միջոցների մեծ մասը տրամադրվել է վարկային ձևաչափով։ Մասնավորապես, զգալի ֆինանսավորում է ներգրավվել Եվրոպական ներդրումային բանկից՝ Հյուսիս–Հարավ ավտոմայրուղու շինարարական ծրագրի իրականացման համար։
Նա նաև նշել է, որ ֆինանսական զգալի ռեսուրսներ են ուղղվել Հայաստանի բանկային համակարգ՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի միջոցով, որպեսզի տեղական բանկերը կարողանան ակտիվացնել վարկավորման գործընթացը։
Անդրադառնալով «Դիմակայունություն և աճ» նախաձեռնությանը՝ Կոստանյանը տեղեկացրել է, որ 270 միլիոն եվրոյի ընդհանուր բյուջեից արդեն օգտագործվել է 62.5 միլիոնը, իսկ 210 միլիոն եվրոյի համար հաստատվել են ծախսման հիմնական ուղղությունները։
Բացի այդ, նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովի հետ շարունակվում են քննարկումները՝ ուղղված Եվրոպայից մասնավոր ներդրումների ներգրավման խթանմանը Հայաստանում։

