Կապանում տեխնոլոգիական քոլեջ կբացվի
Կապանում նախատեսվում է բացել տեխնոլոգիական քոլեջ՝ «InnoIjevan» կրթական մոդելի հիման վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը՝ միության ամենամյա հավաքի ընթացքում։
Նախատեսվում է Իջևանում գործող նույն մոդելը ներդնել նաև Կապանում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն արդեն հայտնել է ծրագրին աջակցելու պատրաստակամության մասին։
Իջևանում գործող քոլեջը աշխատում է դուալ կրթության սկզբունքով, երբ ուսանողները երկրորդ կուրսից զուգահեռ և՛ սովորում են, և՛ աշխատում։ Այդ մոդելով է գործում նաև Երևանում ստեղծված «Իրական դպրոց» վարժարանը, որը հիմնադրել են UATE-ը և «Instigate» ՏՏ ընկերության հիմնադիրները։
Նախագծին միացել է նաև «Microchip» ընկերությունը, որն ունի գրասենյակներ Երևանում, Շիրակում, Վանաձորում և Իջևանում։ Կարապետյանի խոսքով՝ այս համագործակցության արդյունքում Իջևանի երիտասարդները հնարավորություն են ստացել տեղում կրթություն ստանալ և աշխատանքի անցնել տեխնոլոգիական խոշոր ընկերությունում՝ առանց քաղաքը լքելու։
Քոլեջը նախատեսվում է ստեղծել պետական-մասնավոր հիմնադրամի ձևաչափով, որի կառավարման խորհրդում ընդգրկված կլինեն պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչներ։

