ՀայաստանՄշակույթ

Վերականգնվում է Գնդեվազի 17-րդ դարի եկեղեցին

Հայ մասնագետները Պետերբուգից եկած գործընկերների հետ արդեն մի քանի ամիս է աշխատում են վերականգնել Վայոց ձորի մարզում գտնվող Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Աշխատանքների ընթացքում նկարիչ-վերականգնողների խումբը գտել է 17-րդ դարի որմնանկարները և սկսել վերականգնել դրանք։ Սակայն մինչև բուն աշխատանքներին անցնելը հեռացվել են 1906 թվականի վերանկարված որմնանկարները։

Վերջին անգամ որմնանկարների վերականգնման վրա աշխատել են 1950-ականներին։ Սակայն սվաղի շերտի մաքրման ժամանակ մի շարք որմնանկարներ վնասվել են։ Այժմ աշխատանքները արվում են նոր տեխնոլոգիաներով։ Սկզբում հատուկ սրսկումների միջոցով ամրացվում է որմնանկարի շերտը, մաքրվում և վերջում միայն երանգավորվում։

Որմնանկարների վերականգնմանը զուգահեռ վերանորոգվում է եկեղեցու քայքայված տանիքը և թաղերից մեկը։ Պետությունը նախատեսել է ծրագիրը ավարտին հասցնել 2 տարում։ Աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է 137 միլիոն դրամ։