
Ռուսերեն չիմացող երեխաները կզրկվեն Ռուսաստանում դպրոց ընդունվելու հնարավորությունից
Ռուսաստանում օրենք է ընդունվել ըստ որի՝ օտարերկրյա քաղաքացիները հանրակրթական դպրոցում սովորելու համար պետք է հանձնեն ռուսերենի իմացության թեստ։ Այն երեխաները, որոնք չեն կարողանա հաղթահարել թեստը, կզրկվեն դպրոց հաճախելու իրավունքից։ Ծրագիրը առաջին ընթերցմամբ հաստատվել է պետդումայի կողմից՝ 409 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Ենթադրվում է, որ թեստավորումը կիրականացվի անվճար եղանակով՝ պետական կամ քաղաքային կրթական որևէ կազմակերպությունում։ Թեստավորման կարգը կսահմանի Ռուսաստանի կրթության նախարարությունը։
Բացի այդ՝ համապատասխան փաստաթղթեր պետք է ներկայացվեն Ռուսաստանի տարածքում հանրակրթական դպրոց ընդունվել ցանկացող երեխաների բնակության վայրի վերաբերյալ։
Ծրագրի հեղինակները նշել են, որ դպրոց հաճախող միգրանտ երեխաների 41 տոկոսը 2024 թվականին խնդիրներ է ունեցել ռուսերեն լեզվի հետ։ Նրանց խոսքով՝ դա ազդում է դասարանում մյուս երեխաների կրթության որակի վրա։
Կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2025-ի ապրիլից։