Հայաստան

Ֆրանսիան 600 հազար եվրո է ներդնելու՝ Հայաստանի դպրոցներում ֆրանսերենի ուսուցման նպատակով

Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ստորագրել են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման խթանմանը և զարգացմանն ուղղված փաստաթղթեր։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունից։

Միջոցառման ժամանակ Ֆրանսիային դեսպանը տեղեկացրել է, որ նախագծի շրջանակում Ֆրանսիան 600 հազար եվրո է ներդնելու՝ Հայաստանում ֆրանսերենի ուսուցման որակի բարելավման և սովորողների կարիքների աջակցման նպատակով:

Ըստ նրա՝ ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների ձևավորված համայնքին նպաստել է Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությունը։

«Համաձայն ստորագրված փաստաթղթերի՝ կողմերը համատեղելու են իրենց ջանքերն առ այն, որ ֆրանսերենի ուսուցիչների շարունակական, կանոնավոր և համակարգված վերապատրաստումը հնարավոր լինի ապահովել 2025 թվականից սկսած՝ յուրաքանչյուր ուսուցչի համար տարեկան առնվազն 10 օր տևողությամբ»,- ասված է գրառման մեջ։

Ուսուցման 225-ժամյա փորձնական ծրագիր կիրականացվի ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի շուրջ 30 ուսուցիչների համար, որոնք հետագայում կդառնան իրենց գործընկեր ուսուցիչների վերապատրաստողներ: Փորձնական ծրագիրը կիրականացվի ֆրանսիական «France Education International» օպերատորի կողմից՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ:

Նախարարն անդրադարձել են նաև 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին։

Ըստ Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցությունը ռազմավարական նշանակություն ունի:

Երեկ Ֆրանսիայի և Հայաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսին Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտնել էր մի քանի ոլորտներում ներդրումների մասին, այդ թվում 29 մլն եվրո մարդասիրական օգնություն փախստականների կարիքների համար։

Շուշան Ասրյան



Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով