
Կասեցվել է «Էլոլա» մածունի արտադրությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էլոլա» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:
Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Մածուն» 3,2% արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին նույնպես ստուգումներ էին անցկացվել «Էլոլա»-յում։ Այդ ժամանակ կրկին նույն խախտումներով «Պանիր չանախ» արտադրատեսակի գործառույթն էր դադարեցվել։