
«Զավիկի Ղարս»-ը հրաժարվել է փակել սննդի կետը․ օրենքի խախտումը օրական 300-400 հազար դրամ արժե
Երևանի հայտնի արագ սննդի կետերից մեկը՝ «Զավիկի Ղարս»-ը, հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Չնայած Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) որոշմանը՝ դադարեցնել գործունեությունը, տնտեսավարողը շարունակում է աշխատել և սպասարկել հաճախորդներին։ Մինչդեռ լաբորատոր փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ օբյեկտում վաճառվող սնունդը պարունակում է վտանգավոր մանրէներ։
ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանը Amnews-ին հայտնեց, որ տեսչությունը «Զավիկի Ղարս»-ին հոկտեմբերի 8-ին ուղարկել է կասեցման որոշում՝ բրդուճների և մայոնեզի նմուշներում հայտնաբերված մանրէաբանական շեղումների հիմքով։ «Հացով բրդուճ շաուրմա (խոզ+հավ)» և «մայոնեզ» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել սահմանված նորմերին․ փորձաքննությամբ հայտնաբերվել են E.coli, S.aureus, աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ախտածին սալմոնելաներ։ Այս մանէները առաջացնում են փորլուծություն, ջրազրկում, սրտխառնոց և այլ խնդիրներ։
Հարությունյանը նշել է, որ տնտեսավարողը հրաժարվել է առձեռն ստանալ կասեցման որոշումը՝ պատճառաբանելով, թե մինչև փոստով չստանա փաստաթուղթը, չի դադարեցնի գործունեությունը։
Այսօր որոշումը փոստով կհասնի, և եթե դրանից հետո էլ չկասեցնի աշխատանքը, տնտեսավարողին կկիրառվեն օրական տուգանքներ՝ 300-400 հազար դրամի չափով,– ասել է ՍԱՏՄ խոսնակը։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի գործունեությունը պետք է կասեցվի մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ Սակայն ՍԱՏՄ-ն հոկտեմբերի 9-ին տեղեկացրել է, որ տնտեսավարողը ոչ միայն հրաժարվել է կատարել որոշման պահանջը, այլև սոցիալական ցանցերում հրապարակել է ապակողմնորոշող տեղեկատվություն՝ ՍԱՏՄ պաշտոնական հաղորդագրությունը անվանելով «կեղծ»։
Ավելի վաղ Amnews-ի հետ զրույցում հիմնարկի փաստաբանը նշել էր, որ իրենց չեն զգուշացրել որևէ խնդրի մասին, այդ պատճառով էլ հրաժարվում են դադարեցնել գործունեությունը։