
Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ի ևս չորս մասնաճյուղի աշխատանքը
«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ևս չորս կետի գործունեությունը կասեցվել է։ Այս մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Ըստ տեսչական մարմնի՝ խախտումները հայտնաբերվել են Երևանի Փափազյան 21 հասցեում գործող մասնաճյուղում։ Սանիտարահիգիենիկ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից։
Նույն մասնաճյուղում առաստաղները չեն կառուցվել այնպես, որ կանխեն կամ նվազեցնեն կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը։ Հատակի որոշ հատվածներ ևս գտնվել են ոչ նորոգ վիճակում, իսկ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթների մի մասը չի համապատասխանել սանիտարահիգիենիկ պահանջներին։
Վերոնշյալ խախտումների հիմքով արտադրական գործունեությունը կասեցվել է։ Տեսչական մարմինը սահմանել է ժամկետներ՝ խախտումները վերացնելու նպատակով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացնում «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում։ Վերջին երկու օրերին կասեցվել է արդեն վեց կետի, ինչպես նաև «Տաշիր կաթ» ընկերության արտադրամասի գործունեությունը։ Վերջին տվյալներով՝ սանիտարահիգիենիկ ստուգումների արդյունքում 32-ից 9 մասնաճյուղ արդեն փակվել է։