ՀայաստանՍնունդ

Հացի արտադրամասում հայտնաբերվել են խախտումներ

Արարատի մարզի Բյուրավան գյուղում գործող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ արտադրամասի կառուցվածքը և նախագծումը չեն պաշտպանել կենդանիների ներթափանցումից, արտադրական շինությունները բորբոսի առաջացման և կեղտի կուտակման վտանգ են ունեցել, իսկ պատերն ու հատակը պատրաստված չեն եղել ախտահանվող և չներծծվող նյութերից։

Բացի այդ, պարզվել է, որ պարենային հումքի և պատրաստի սննդամթերքի պահպանման պայմանները բավարար չեն եղել, արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ են պահվել շինություններում, իսկ անձնակազմի համար համապատասխան հանդերձարաններ չեն ապահովվել։ Տեխնոլոգիական սարքավորումների ու աշխատանքային մակերեսների մաքրումը, ախտահանումը, միջատազերծումն ու կրծողների ոչնչացումը նույնպես պարբերական չեն իրականացվել։

Սննդի անվտանգության տեսչական մարմինը սահմանել է ժամկետ՝ բոլոր բացահայտված խնդիրները շտկելու համար, և միայն դրանց վերացման դեպքում արտադրամասը կարող է վերսկսել աշխատանքը։

Սեդա Մարտոյան