
Գորիսում 17 քաղաքացի սննդային թունավորում է ստացել
Օգոստոսի 26-ի առավոտյան Սյունիքում արձանագրվել է զանգվածային սննդային թունավորում: Գորիսի բժշկական կենտրոն է ընդունվել 17 մարդ, ովքեր ունեցել են աղեստամոքսային տրակտի խանգարումներ։ Նախնական ախտորոշումը՝ «սուր էկզոգեն սննդային թունավորում»:
Սննդի անվտանգության տեսչական մարմնի և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետները պարզել են, որ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է Գորիսում «Փոսիկի աղբյուր» բացօթյա տաղավարում կազմակերպված խնջույքի ընթացքում:
Տեսչական մարմնի տեսուչները վերցրել են նմուշներ օգտագործված սննդամթերքից՝ ձմերուկ, երշիկ, բաստուրմա, հավի մսով-մայոնեզով աղցան, խորոված բանջարեղեն (սմբուկ, պոմիդոր), խոզի խորոված և տավարի խաշլամա: Նմուշները ուղարկվել են մանրէաբանական լաբորատոր հետազոտության, որի արդյունքները դեռ կհրապարակվեն:
Ամռան սեզոնին սննդային թունավորումների հավանականությունը ավելի մեծ է, և նման դեպքեր ավելի հաճախ են գրանցվում։ Անհրաժեշտ է հետևել սննդի պահպանման կանոններին, մանրակրկիտ լվանալ բանջարեղենն ու մրգերը, խուսափել տաք միջավայրում երկար պահված պատրաստի ու պատրաստվող ուտելիքից, ինչպես նաև լինել զգուշավոր բացօթյա խնջույքներում ու սննդի տաղավարներում: