Նախադպրոցական և դպրոցական հաստատություններում ներդրվել է «համաճարակային ֆիլտր»
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում ներդրել են «համաճարակային ֆիլտր», որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը կանցնի հեռավար ձևաչափի։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը նշել է, որ Հայաստանում նկատվում է սեզոնային վիրուսների ակտիվացում։ Շրջանառվում են գրիպ A(H3N2) տիպի վիրուսները, որոնց հիմնական ախտանշաններն են բարձր ջերմությունը (39–40°C), հազը, քթահոսությունը, մկանացավերը և հոդացավերը։ Բացի այդ, շրջանառվում են նաև ռինո-, բոկա-, ադենովիրուսներ և պարագրիպի հարուցիչներ։
Ավանեսյանի խոսքով՝ սուր շնչառական վարակների սեզոնի ընթացքում ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ դպրոցներում և մանկապարտեզներում ներդրված «համաճարակային ֆիլտրն» աշխատում է այն սկզբունքով, որ սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսումնական գործընթացը ժամանակավորապես կկատարվի հեռավար ձևաչափով։
Նախարարը շեշտել է, որ գրիպի լավագույն կանխարգելման միջոցը պատվաստումն է, որը նվազեցնում է վարակվելու հավանականությունը, թեթևացնում է հիվանդության ընթացքն ու կանխում բարդությունները։
