ԱԺ առողջապահության հանձնաժողովը նոր նախագահ ունի

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նոր նախագահ ունի։ Փակ գաղտնի քվեարկությամբ հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վանիկ Օհանյանը։

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանի փոխանցմամբ՝ քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավորից 64-ը։ Բոլոր 64 պատգամավորները կողմ են քվեարկել Օհանյանի թեկնածությանը։ Անվավեր քվեաթերթիկներ չեն արձանագրվել։

Հանձնաժողովի նորընտիր նախագահը մասնագիտությամբ բժիշկ-ստոմատոլոգ է։ 2024–2025 թվականներին նա զբաղեցրել է «Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ տնօրենի պաշտոնը։

Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այս տարվա հունվարի 21-ից, երբ Հռիփսիմե Հունանյանը հրաժարական էր ներկայացրել։

Նա սկանդալի կենտրոնում հայտնվեց նաև, երբ փորձեց պաշտպանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը. «Եթե կաթողիկոսը սուրբ է, ես էլ սուրբ կույս Հռիփսիմեն եմ, որդուս հայրն էլ` սուրբ Սարգիսը»։

Օրերս էլ Հունանյանը ԱԺ–ում հայտարարեց. «Մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը նաև գլուխներ են պետք»։