Իրանից Հայաստան 31 կգ թմրամիջոց տեղափոխելու դեպք է բացահատվել
ՀՀ քննչական կոմիտեից հաղորդում են Իրանից Հայաստան մաքսանենգությամբ մեծաքանակ թմրամիջոցների տեղափոխման դեպքի մասին։
Հաղորդման համաձայն՝ Սյունիքի մարզից 45-ամյա տղամարդը Իրանում բնակվող անձից ստացել է մոտ 31 կգ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 2000 հատ «Մեթադոն» գրառմամբ դեղահաբ, ինչպես նաև ինքնաձիգ և ատրճանակ։ Դատաքիմիական փորձաքննությամբ պարզվել է, որ դրանք «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց են։
Ըստ քննչականի՝ դեպքից օրեր առաջ նույն անձինք նույն եղանակով շուրջ 7 կգ քաշով թմրամիջոցի ևս մի խմբաքանակ են տեղափոխել Հայաստան:
Սյունիքի մարզի բնակիչը կալանավորվել է։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Իրանի քաղաքացու ինքնությունը պարզվել է։
Շուշան Ասրյան