
Ծխախոտը շարունակում է մնալ մարդկանց առօրյայում․ օրենքն ազդո՞ւմ է, որ մարդիկ չծխեն
Ծխախոտը հանրային առողջության լուրջ սպառնալիքներից է: Ամեն տարի ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով: Նրանցից ավելի քան 7 միլիոնը ծխախոտ օգտագործողներ և նախկին օգտագործողներ են, իսկ ավելի քան 1,2 միլիոնը՝ չծխողներ, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը։
Հայաստանում ամեն տարի ծխախոտի պատճառով մահանում է շուրջ 5,500 մարդ։ Ծխախոտային արտադրատեսակները առաջացնում են տարբեր հիվանդություններ, որոնք մահվան պատճառ են դառնում։ Մահվան պատճառների ցանկում 53 % կազմում է քաղցկեղը, շաքարային դիաբետը՝ 1,5 %։ Դեռահասների մոտ այդ խնդիրները կարող են կարճաժամկետ և երկարաժամկետ լինել․ կարճաժամկետը հևոցներն են, հազը, խրոնիկ բրոնխիտները, երկարատևի դեպքում՝ քաղցկեղը, սիրտ-անոթային խնդիրները։ Այսինքն՝ այսօրվա երիտասարդության շրջանում 5 կամ 15 տարի հետո հնարավոր է ի հայտ գան նոր հիվանդություններ։ Բայց եթե թողնեն ծխելը, օրինակ, մեկ տարի հետո նվազում է իշեմիկ հիվանդության ռիսկը։
2022 թվականին իրականացվել է «Առողջապահության համակարգի գործունեության գնահատում» (ԱՀԳԳ) հետազոտության տվյալների համաձայն՝ ծխախոտային արտադրատեսակները և դրանց փոխարինիչները օգտագործողների թիվը կազմել է 27,2%, որից 53,2%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 2,0%-ը՝ կանայք։ 2016 թվականին իրականացված նույն հետազոտության համաձայն՝ ծխախոտ օգտագործողների թիվը կազմել է 27,7%, որից 53,4%-ը տղամարդիկ են, իսկ 2,3%-ը՝ կանայք։
Դպրոցահասակների մեջ ծխախոտի ազդեցությունը ևս մեծ է։ Համաձայն 2021-2022 թվականներին իրականացված «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության» (այսուհետ՝ ԴԵԱՎ) տվյալների՝ ծխախոտ երբևիցե կյանքում օգտագործել են 15 տարեկան տղաների 23%-ը և աղջիկների 4%-ը, իսկ էլեկտրոնային ծխախոտ օգտագործել են 15 տարեկան տղաների 36%-ը և աղջիկների 6%-ը։
2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ծխախոտի մասին նոր դրույթներ՝
▪ ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, բացառությամբ օդանավակայանների անմաքս առևտրի խանութների:
▪ ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրման արգելքը:
Չնայած սրանց՝ ծխախոտային արտադրատեսակները հաճախ տեղադրվում են քաղցրավենիքի և երեխաների համար նախատեսված ապրանքների կողքը, երեխաների տեսադաշտի մակարդակին՝ տպավորություն ստեղծելով, որ ծխախոտային արտադրանքը անվնաս առօրյա առարկա է:
Նախարարությունը 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունել է հակածխախոտային օրենքը։ Դրանով նախատեսված սահմանափակումները տարածվում են ծխախոտային բոլոր արտադրատեսակների և դրանց փոխարինիչների վրա:
Ըստ այդ օրենքի՝ արգելվում են ծխախոտի օգտագործումը բոլոր փակ և որոշ բաց հանրային վայրերում, գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության բոլոր ձևերը։ Օրենքը միտված է ներկա և ապագա սերունդներին պաշտպանելու առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը` որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը։