ԱռողջությունՀայաստան

Սևանի հոգեկան առողջության կենտրոնում արձանագրված խնդիրների մի մասը լուծվել է

Մայիսի 2-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այցելել է Սևանի հոգեկան առողջության կենտրոն՝ հետևելու նախկինում արձանագրված խնդիրների լուծման ընթացքին։

Նշվում է, որ նախկինում արձանագրված որոշ խնդիրներ ստացել են դրական լուծում․ կանանց բաժանմունքներից մեկում ստեղծվել է զսպման սենյակ, որոշ մուտքեր հարմարեցվել են թեքահարթակներով, սանհանգույցներում տեղադրվել են միջնապատեր։ Այնուամենայնիվ, շարունակում են պահպանվել շենքային պայմանների, մատչելիության ու սոցիալական երաշխիքների հետ կապված մի շարք խնդիրներ։

Պաշտպանը հանդիպել է շահառուների հետ, ուսումնասիրել նրանց իրավունքների իրացման վիճակը, ինչպես նաև հաստատության շենքային պայմանները, մատուցվող ծառայությունները, անձնակազմի աշխատանքային պայմաններն ու բժշկական զսպման միջոցների կիրառման դեպքերը։

Հիշեցնենք, որ Սևանի հոգեկան առողջության կենտրոնում խնդիրներ էին արձանագրվել դեռևս 1 տարի առաջ։ Պաշտպանը նշել էր, որ կենտրոնում գերբեռնված բաժանմունքները, սանիտարահիգիենիկ պայմանները, ֆիզիկական զսպման միջոցները՝ առանց համապատասխան բժշկական զննության, անհավասար սննդամթերքը և կապի դժվարությունները մեծ խնդիրներ են առաջացնում այնտեղ մնացող մարդկանց համար։