ԱռողջությունՀայաստան

Հայաստանում մենինգոկոկային վարակի հետևանքով մահ է գրանցվել

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ին Վայոց Ձորի մարզի բնակչի մոտ ախտորոշվել է մենինգիտ և մենինգոկոկցեմիա։ Հիվանդը հոսպիտալացվել է ծանր վիճակում, սակայն հաջորդ օրը, ցավոք, արձանագրվել է մահ։

Կենտրոնի մասնագետները հայտնում են, որ իրականացվել են համաճարակաբանական հետազոտություն և կանխարգելիչ միջոցառումներ։ Հիվանդի սերտ կոնտակտավորների նկատմամբ հսկողությունը շարունակվում է տնայցերով։

Մասնագետները հիշեցնում են, որ մենինգոկոկային վարակը սուր վարակիչ հիվանդություն է, որն օդակաթիլային ճանապարհով է փոխանցվում։ Բնակչության 1-10%-ը կարող է լինել մանրէի կրող՝ առանց ախտանշանների։ Հիվանդության հիմնական նշաններն են՝ բարձր ջերմություն, ուժեղ գլխացավ, պարանոցի կարկամում, սրտխառնոց, փսխում, ինչպես նաև հատուկ կարմիր-մանուշակագույն ցան մաշկի վրա։

Վարակից պաշտպանվելու երկու տարբերակ կա՝ պատվաստում և կանխարգելիչ հակաբիոտիկոթերապիա։