ԻրավականՀայաստան

Կաթողիկոսի եղբոր կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով

Արմավիրի մարզի դատարանը երկու ամսով երկարաձգել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը։

Վերջինիս պաշտպան Արա Զոհրաբյանի խոսքով՝ դատարանի որոշումն անհիմն է։ Նա հայտնել է, որ գործով հիմնական վկան դատարանում մի ցուցմունք է տվել, որը էականորեն տարբերվում է նախաքննական փուլում ներկայացված ցուցմունքից։ Վկան նախկինում հայտարարել էր, որ Գևորգ Ներսիսյանը որևէ վիրավորական կամ վիճաբանություն հարուցող խոսք չի ասել։

Փաստաբանի փոխանցմամբ՝ նույն վկան դատարանում նշել է, որ իրավապահ մարմիններին իր կամքով չի հաղորդում ներկայացրել, այլ իրեն պարտադրել են։

Չնայած այս հանգամանքներին՝ դատարանը որոշել է երկու ամսով երկարաձգել Գևորգ Ներսիսյանի կալանքի ժամկետը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի 3-ին դատարանը մեկ ամսով կալանավորել էր Գևորգ Ներսիսյանին և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն խոչընդոտելու մեղադրանքով։