Պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ

Հակակոռուպցիոն կոմիտեում բացահայտվել է Հայփոստ ՓԲԸ-ի փոստային բաժանմունքներից մեկում արձանագրված խոշոր չափերի հափշտակության դեպք։

Կոմիտեից հայտնում են, որ ընկերությունից ստացված հաղորդման հիման վրա իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ բաժանմունքի պաշտոնատար անձը, ունենալով աշխատանքների կազմակերպման և իրականացման, ինչպես նաև իրեն վստահված դրամական միջոցների պահպանության լիազորություններ, օգտագործել է ծառայողական դիրքը և հափշտակել ընդհանուր 568.000 դրամի չափով գումար։

Մասնավորապես, վերնոշյալ անձը 2025 թվականի հոկտեմբերին իր անձնական կարիքների համար բաժանմունքի դրամարկղից հափշտակել է 425.589 դրամ կանխիկ գումար, ինչպես նաև 142.630 դրամին համարժեք կոմերցիոն ապրանքներ։

Պաշտոնատար անձը ձերբակալվել և ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով։ Նա խոստովանել է արարքը։

Մարինա Գրիգորյան