Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել՝ կաշառք առաջարկելու համար
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ստացված հաղորդման հիման վրա իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ տրանսպորտային միջոցի ուղևորը փորձել է կաշառք առաջարկել ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներից մեկին՝ վարորդի օգտին ապօրինի անգործություն դրսևորելու նպատակով։
Կոմիտեի փոխանցմամբ՝ 2026 թվականի փետրվարին պարեկները կանգնեցրել են քաղաքացու վարած ավտոմեքենան և պարզել, որ վարորդը չունի վարորդական վկայական և գտնվում է ոչ սթափ վիճակում։
Վերջինիս վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելու ընթացքում ուղևորը փորձել է գումար դնել պարեկի գրպանում՝ որպես կաշառք, ինչի արդյունքում ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության համապատասխան բաժին։
Նա ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքը և տվել խոստովանական ցուցմունք։ Նախաքննությունն ավարտվել է, իսկ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան։

