Վահագն Չախալյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
«Սրբազան պայքար» շարժման աջակից Վահագն Չախալյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով՝ համակցված չբացակայելու արգելքով։ Որոշումն ընդունվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։
Մինչ որոշման կայացումը մեղադրող կողմը պնդել էր, որ Չախալյանի խափանման միջոցը փոխելու համար բավարար հիմքեր չեն ներկայացվել, և անհրաժեշտ է պահպանել կալանքը։
Պաշտպանական կողմը, իր հերթին, նշել էր, որ Չախալյանի ընտանիքը գտնվում է ծանր սոցիալական վիճակում․ նա ունի երկու անչափահաս երեխա, ընտանիքը ծանրաբեռնված է հիփոթեքային պարտավորություններով, իսկ ֆինանսական հիմնական պատասխանատվությունը նրա վրա է եղել։
Փաստաբանն էլ վստահեցրել էր դատարանին, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ այլ քրեական գործի շրջանակում ազատության մեջ եղած ժամանակ Չախալյանը նույնիսկ թույլտվություն է ունեցել երկրից բացակայելու։ Անհրաժեշտությունից ելնելով նա մեկնել է ՀՀ-ից, բայց սահմանված ժամկետներում վերադարձել է, ինչը, ըստ փաստաբանի, նշանակում է, որ Չախալյանը հանցանք գործելու որևէ միտում չունի։
Դատարանը արձանագրել է, որ գործով առկա ռիսկերը նվազել են, սակայն դեռևս պահպանվում են, ինչի պատճառով էլ կալանքը փոխարինվել է տնային կալանքով՝ երեք ամիս ժամկետով։ Հաշվի առնելով ընտանիքի նյութական վիճակը՝ գրավ չի կիրառվել։
Չախալյանը տնային կալանքը կկրի Կոտայքի մարզի Քասախ գյուղում։ Դատարանը սահմանել է, որ նա չի կարող օգտվել կապի միջոցներից և ընդունել հյուրեր՝ բացառությամբ մերձավոր ազգականների, նույն բնակարանում ապրող անձանց և պաշտպանների։
Վահագն Չախալյանը կալանավորված է 2025 թվականի հուլիսի 5-ից։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ «Սրբազան պայքար» շարժման ներկայացուցիչները մեղադրվում են ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ պլանավորելու մեջ։
Նշենք, որ Բագրատ սրբազանի և «Սրբազան պայքարի» 17 աջակիցների գործով դատական նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։

