Անչափահասների նկատմամբ և նրանց կողմից կատարված հանցագործությունների հարյուրավոր դեպքեր են քննվել
Քննչական կոմիտեում 2025 թվականի ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ ընդհանուր առմամբ 1.529 քրեական վարույթ։ Դրանցից 483-ը փոխանցվել է նախորդ՝ 2024 թվականից։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Հաշվետու ժամանակահատվածում քննված 1.529 քրեական վարույթից 135-ը՝ 145 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Եվս մեկ վարույթ ավարտվել է եզրափակիչ ակտով և նույնպես ուղարկվել դատարան։ Միաժամանակ 670 քրեական վարույթ կարճվել է, որոնցից 572-ը՝ ռեաբիլիտացնող, իսկ 98-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով։
Բացի այդ՝ 72 վարույթ միացվել է այլ գործերի, 28-ը ուղարկվել է այլ մարմինների վարույթ, իսկ 78-ը հաշվառվել է որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված։ 545 քրեական վարույթ էլ փոխանցվել է 2026 թվական՝ հետագա քննության համար։
Դատարան ուղարկված գործերը վերաբերում են տարբեր բնույթի ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների։ Մասնավորապես՝ 4 դեպք վերաբերում է սպանության, 1-ը՝ ծննդկանի կողմից երեխայի սպանության, 7-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 2-ը՝ միջին ծանրության վնաս պատճառելու, 3-ը՝ թեթև վնաս պատճառելու դեպքերին։ Գրանցվել են նաև մարդուն առևանգելու, հոգեկան և ֆիզիկական ներգործության, ինչպես նաև սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների դեպքեր։
Դատարան ուղարկված վարույթներով ընդհանուր առմամբ արձանագրվել է 157 տուժող անչափահաս։ Նրանցից 49-ը եղել է մինչև 12 տարեկան, 47-ը՝ 13-14 տարեկան, 42-ը՝ 15-16 տարեկան, իսկ 19-ը՝ 17-18 տարեկան։
Միևնույն ժամանակ Քննչական կոմիտեից փոխանցում են, որ 2025 թվականի ընթացքում քննվել է նաև անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 464 քրեական վարույթ, որոնցից 158-ը փոխանցվել է 2024 թվականից։
Հաշվետու ժամանակահատվածում 464 քրեական վարույթից 80-ը՝ 92 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, ևս մեկը ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան։ 177 քրեական վարույթ կարճվել է, որոնցից 119-ը՝ ռեաբիլիտացնող, իսկ 58-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ Բացի այդ, 5 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմինների, 35-ը միացվել է այլ գործերի, 30-ը հաշվառվել է որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված, իսկ 136-ը փոխանցվել է 2026 թվական։
Դատարան ուղարկված 78 քրեական վարույթից 5-ը վերաբերում է սպանության, 1-ը՝ սպանության նախապատրաստության, 2-ը՝ սպանության փորձի, 11-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի։ Նշված գործերի շարքում կան նաև սեռական ազատության դեմ ուղղված, կողոպուտի, գողության, շորթման, խուլիգանության, ինչպես նաև զենքի, զինամթերքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություններ։
Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթներով 2025 թվականի ընթացքում ներկայացվել է 62 միջնորդագիր։

