Բացահայտվել է համակարգչային հափշտակության դեպք
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչությունում իրականացվում է քրեական վարույթ՝ անդրազգային հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ:
Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, ըստ որոնց՝ 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 12-ը ՀՀ և արտերկրի մի խումբ քաղաքացիներ ստեղծել և ղեկավարել են կայուն հանցավոր կազմակերպություն՝ բազմաստիճան հիերարխիկ կառուցվածքով ու մասնագիտացման հիման վրա կազմված դերաբաշխումով:
Կազմակերպությունը կիրառել է մտածված մեխանիզմներ՝ հանցագործությունների իրականացման համար, հոգեբանական ազդեցություն ներդրումային խարդախություններից տուժած անձանց վրա, ինչպես նաև ստեղծել կեղծ կայք, գովազդել սոցիալական ցանցերում և հավաքագրել բազմաթիվ անդամների:
Նախաքննությամբ հիմնավորվել է առնվազն 16 մլն 94 հազ. 945 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:
Հանցավոր կազմակերպության մասնակից Ռ.Պ.-ն կալանավորվել է, իսկ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ հաստատման և դատարան ուղարկելու համար:

