ԻրավականՀայաստան

«Սրբազան պայքարի» գործով անցնող Տիգրան Գալստյանի կալանքը փոխվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է փոխել «Սրբազան պայքարի» գործով անցնող գործարար Տիգրան Գալստյանի նկատմամբ կալանքը՝ կիրառելով համակցված խափանման միջոցներ՝ վարչական վերահսկողություն և բացակայելու արգելք։

Դատավոր Կարեն Ֆարխոյանի խոսքով՝ նախկին կալանքի հիմքերը նվազել են, իսկ տնային կալանքի ժամկետը լրանալուց հետո՝ 2025 թվականի նոյեմբերի 25-ից, մեղադրյալի նկատմամբ կգործի նոր խափանման միջոցը։

Գալստյանի պաշտպանն ընդգծել է, որ նրա առողջական վիճակը ծանր է․ նա խնդիրներ ունի շագանակագեղձի և հենաշարժողական համակարգի հետ և դատարան է ներկայացել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից։

Հիշեցնենք, որ Տիգրան Գալստյանի կալանքը վերջին անգամ երկարացվել էր օգոստոսի 28-ին՝ երեք ամսով։ «Սրբազան պայքարի» գործը հարուցվել է այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին հրապարակել էր նյութեր, որոնցում նշվում էր, թե ընդդիմադիր շրջանակները ծրագրում են պետական հեղաշրջում։ Դրան հաջորդել էին մի շարք խուզարկություններ և ձերբակալություններ։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել են գործողություններ, որոնք կարող էին ուղղված լինել ահաբեկչության և իշխանությունը զավթելու նպատակին։