ԻրավականՀայաստան

Աբովյանի նախկին քաղաքապետը ստիպված կլինի համայնքին վերադարձնել ապօրինի օտարված հողամասը

Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը պետք է Աբովյան համայնքին վերադարձնի Սևանի փողոցի 1/3/3 հասցեում գտնվող հողամասը։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Վճռի ուժի մեջ մտնելուց հետո համայնքին կվերադարձվի 1 միլիոն 452 հազար դրամ շուկայական արժեք ունեցող հողամասը։

Նախարարությունից նշում են, որ 2008-ից 2015 թվականների ընթացքում Գուլոյանը, անտեսելով Հողային օրենսգիրքը, աճուրդներով և ուղղակի վաճառքով մի շարք հողամասեր է օտարել ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Այդ հողերի թվում է նաև նշված հասցեում գտնվող հողը, որը ապօրինի կերպով օտարվել է 2011 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ։

Պետական շահերի պաշտպանության շրջանակում գլխավոր դատախազությունը 2025 թվականի հուլիսի 2-ին դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել աճուրդը և կիրառել դրա հետևանքները։ Նոյեմբերի 14-ին դատարանը աճուրդը ճանաչել է անվավեր, և այդ անվավերության հիման վրա անվավեր է համարվել նաև Աբովյան համայնքի և ֆիզիկական անձի միջև կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև սեփականության պետական գրանցումը։

Կարապետ Գուլոյանը մեղադրվում է հողատարածքներ ապօրինի օտարելու (65 դրվագ), պաշտոնեական կեղծիքի (49 դրվագ), փողերի լվացման (2 դրվագ) և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 5 հոդվածով։

Հիշեցնենք, որ Գուլոյանը 2008–2015 թվականներին եղել է Աբովյանի քաղաքապետ, 2015–2018 թվականներին՝ Կոտայքի մարզպետ։ Նա նաև Գագիկ Ծառուկյանի փեսան է։