Քրեական վարույթ՝ Արագածոտնի թեմի առաջնորդի և դիվանապետի նկատմամբ
Քննչական կոմիտեն ավարտել է Արագածոտնի թեմի առաջնորդ Հ.Պ.-ի և թեմի դիվանապետ Ա.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։
Քննչական մարմնի հաղորդմամբ՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Հ.Պ.-ն, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, 2021 թվականին՝ Ազգային ժողովի 8-րդ գումարման արտահերթ ընտրություններից առաջ, թեմի առաջնորդարանում անցկացված ժողովի ընթացքում հոգևոր ծառայություն իրականացնող երկու և ավելի հոգևորականների հրահանգել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել որոշակի կուսակցության օգտին։
Բացի այդ՝ ըստ Քննչական կոմիտեի՝ Հ.Պ.-ն՝ Արագածոտնի թեմի դիվանապետ Ա.Ա.-ի օժանդակությամբ շանտաժի միջոցով հարկադրել է թեմի հոգևորականներին եկեղեցական զգեստով մասնակցել հավաքներին։ Նշվում է, որ Ա.Ա.-ն տեղեկատվություն է փոխանցել Արագածոտնի թեմի հոգևորականների համար ստեղծված «WhatsApp» խմբային նամակագրության միջոցով՝ պահանջելով հավաքներին մասնակցելու փաստը հաստատող լուսանկարներ։
Հ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Ա.Ա.-ի նկատմամբ՝ տնային կալանքը։
