
Անհայտ կորածների հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև ԴՆԹ համեմատության մեխանիզմի ներդրման առաջարկ է արվել
Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովը առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ներդնել ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ:
Հանձնաժողովի զեկույցում ընդգծվում է, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում կան Առաջին և Երկրորդ արցախյան պատերազմների հետևանքով անհայտ կորած անձինք։ Ըստ այդմ՝ ռազմական գործողությունների վայրերում հայտնաբերված մասունքները կարող են պատկանել երկու կողմերին էլ:
Մեխանիզմի ներդրումը ոչ միայն կօգնի նույնականացման գործընթացին, այլև կնպաստի տարածաշրջանում համագործակցությանը և հաշտեցմանը: Սակայն այս խնդիրը լուծելու համար բացակայում է անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվության կառավարման կենտրոնացված, ինտեգրված տվյալների համակարգը: Բացի այդ դատաբժշկական և ԴՆԹ-ների վերականգնման հնարավորություններ բավարար չեն։ Հատկապես սահմանափակ են փորձաքննությունները՝ խառնված կամ այրված մնացորդների հետ աշխատելու համար, — նշված է զեկույցի մեջ։
Հայաստանը զեկուցել է, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորածների ընտանիքներից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ հավաքվել է շուրջ 1200-1400 նմուշ: Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները պաշտոնապես հայտնել էին 195 գրանցված անհայտ կորածների մասին (ներառյալ 20 քաղաքացիական անձինք): Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ մշակել և համեմատել են մոտ 3000 ընտանելան տեղեկատու նմուշներ (FRS) և մոտ 4000 ոսկորների նմուշներ: Արդյունքում՝ «կատարվել են մեծ թվով նույնականացումներ»։
2023 թվականի Ադրբեջանի գործողությունների արդյունքում Հայաստանը հաղորդել էր ևս 42 անհայտ կորածների մասին։
Պաշտոնական տվյալներով՝ 1990-ականներից ի վեր Հայաստանում անհետ կորած է համարվում 993 մարդ, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ մոտ 200 զինծառայող:
2020 թվականից հետո հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցու մարմիններ, ինչպես նաև 90-ականների պատերազմի ընթացքում զոհված 140 ադրբեջանցու ոսկորներ:
Ադրբեջանական կողմը պնդում է, որ Առաջին արցախյան պատերազմի ընթացքում շուրջ 4000 ադրբեջանցի է անհետ կորել, և Բաքուն բազմիցս մեղադրել է Հայաստանին զանգվածային գերեզմանների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ: Սակայն Երևանը կասկածի տակ է դնում այս թիվը՝ նշելով, որ այդ մասին հստակ տվյալներ չկան, և անհետ կորածների ճշգրիտ թիվը պարզելու գործընթացը ժամանակատար է:
Զեկույցում նշվում է նաև, որ խնդիրը դժվարանում է, քանի որ Հայաստանը չունի համապարփակ օրենսդրություն, որը վերաբերում է անհայտ կորածներին և նրանց ընտանիքներին։