
Վարչապետը Նյու Յորքում մասնակցել է «Ապագայի գագաթնաժողով»-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում մասնակցել է Ապագայի գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև աշխարհի մի քանի տասնյակ պետությունների նախագահներ և կառավարությունների ղեկավարներ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Վարչապետն իր ելույթում մասնավորապես անդրադարձել է այսօրվա ունեցած պրոբլեմներին՝ շեշտելով «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսի ներքո ստացած մանդատը։
Բոլոր այն պրոբլեմները, որ այսօր մենք ունենք, ուղիղ կամ անուղղակի ձևով կապված են անցյալում մի ինչ-որ պահի կայացված և կամ չկայացված որոշումների հետ, նույնը կարելի է ասել այսօրվա բոլոր հաջողությունների և ձեռքբերումների մասին:
Փաշինյանը կարևորել է ապագայի վրա կենտրոնանալը՝ նշելով անելիքների օրակարգը՝ խաղաղություն, անվտանգություն, բարեկեցություն, ազատություն, արդարություն, մարդու իրավունքներ, արհեստական ինտելեկտ, կլիմա։
Վարչապետը գլոբալ ճգնաժամի պատճառներից մեկը համարում է միջազգային հարթակներում «պոզիտիվ խոսույթի» բացակայությունը և ընդգծել է, որ Գլխավոր ասամբլեայի իր այս տարվա ելույթում հարևան երկրներին մեղադրելու փոխարեն կկենտրոնանա հնարավորությունների վրա։
Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին անդրադարձել էր 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սկսած ռազմական ագրեսիային, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
Շուշան Ասրյան