
Կարեն Սարուխանյանն ինքնաառաջադրվել է Գյումրու փրայմրիսին
Գյումրու ՔՊ տարածքային կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանն ինքնաառաջադրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմրիսին` որպես Գյումրու ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու:
Սարուխանյանը սրա մասին հայտարարել է ֆեյբուքյան իր էջում։ Թեկնածուն հաշվի է առել գյումրեցիների հորդորն ու պահանջը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության անդամների մեծամասնության աջակցությունը։
Հոկտեմբերի 28-ին Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական էր տվել։ Մեկ ամսից ավելի է, ինչ Գյումրին չունի քաղաքապետ։ Նոյեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին կկայանան նախնական ընտրություններ։ Այն ընդունված է միջազգայնորեն անվանել «փրայմըրիս»։
Փաշինյանը մանրամասնել է փրայմըրիսի ձևաչափը՝ նշելով, որ Գյումրիի բնակիչների շրջանում, իհարկե՝ ոչ բոլորի, որոշակի սկզբունքով, ինչ-որ առումով նաև պատահականության սկբունքով, կիրականացվի քվեարկություն։ Դրա արդյունքով հաղթած թեկնածուն կնշանակվի Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար։
Սամսոնյանի հրախարականից հետո Սարուխանյանը համարվում էր ՔՊ-ի գլխավոր թեկնածուն, բայց թմրանյութերի պատմության պատճառով հրաժարվեցին նրա թեկնածությունից, իսկ հիմա կրկին վերադարձան նրա թեկնածությանը։ Նոյեմբերի սկզբին թմրանյութ պահելու, օգտագործելու կասկածանքով կարճ ժամանակով ձերբակալվել էին Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամներից մեկն ու Սարուխանյանի մորեղբոր որդին:
Այդ դեպքերից հետո Կարեն Սարուխանյանը ևս թեստ է հանձնել։ Սրա մասին հայտարարել է անձամբ ինքն ու նշել, որ թեստ հանձնելու պարտադրանք չի եղել Փաշինյանի կողմից։ Կարեն Սարուխանյանը պատրաստ է կրկնել թմրանյութերի կախվածությունը ստուգող անալիզները։
Փրայմրիսին մասնակցելու մասին հայտարարել են նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, պատգամավոր Դավիթ Առուշանյանը, գործող ավագանու անդամ Շավարշ Արամյանը, երգիչ Արտյոմ Թումանյանը։