
Սահմանազատումը կշարունակվի Հայաստան-Վրաստան-Ադրբեջան միջպետական սահմանների հատման կետի մոտից․ Փաշինյան
Հունվարի 30-ին Հայաստանում հանդիպել են Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Կողմերը անցկացրել են առանձնազրույց, այնուհետև, նրանց նախագահությամբ կայացել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը։ Քննարկվել են տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր, որոնց մեջ առանցքային էր հատկապես սահմանազատմանը վերաբերող համաձայնությունները։ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել սահմանազատումը շարունակել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան միջպետական սահմանների հատման կետի մոտից։
Կարևորել եմ, որ տարածաշրջանային և արտատարածաշրջանային նախագծերում ապահովվի ներառականություն։ Այդ համատեքստում առանձնացնում ենք Հայաստանի հետաքրքրվածությունն ու պատրաստակամությունը «Սև ծովի էլեկտրական մալուխի» նախագծին միանալու վերաբերյալ։
2024 թվականի հունվար-նոյեմբերին մեր առևտրաշրջանառությունը որոշակիորեն նվազել է մեր վիճակագրական տվյալների համաձայն, որովհետև մեր վիճակագրությունների մեթոդաբանություններն էլ մի փոքր տարբեր են: Բայց ամեն դեպքում, հուսով եմ, որ հետևողական աշխատանքի արդյունքում առաջիկայում հնարավոր կլինի ոչ միայն վերադառնալ նախկին ծավալներին, այլև առաջընթաց ապահովել, ինչը և մեր մշտական քննարկումների տիրույթում է, — հայտարարել է Փաշինյանը։
Իր հերթին Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Հայաստանից ներդրողների թիվը ավելացել է
Վրաստանի Կառավարությունն արդյունավետորեն շարունակում է բիզնես միջավայրը, ներդրումների միջավայրը բարելավել: Ես շատ ուրախ եմ, որ Վրաստանը հետաքրքիր երկիր է Հայաստանից ներդրումների համար: Պետք է ասեմ, որ հայաստանյան ներդրումներն ավելացել են մոտ 40 տոկոսով և ես ամեն ինչ կանեմ, որպեսզի Վրաստանն առավել գրավիչ դառնա բիզնեսով զբաղվելու և ներդրումների համար:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ աշխատանքային այցով Հայաստան է գալու Վրաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ։ Ժամեր առաջ կայացել էր նաև երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 26-ին Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիր։