
ԱԱԾ սպան մեղադրվում է խուլիգանության և գույքի դիտավորյալ վնասման մեջ
Ազգային անվտանգության ծառայության սպա Արամ Գասպարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում խուլիգանությանը հանցակցության, ինչպես նաև հանցակցությամբ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մասերով (Քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով, և 3-րդ մասի 1-ին կետով)։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Նշվում է, որ նա հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ 2021 թվականին ցույցեր կազմակերպած անձանցից մեկը։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Արամ Գասպարյանը ձերբակալվել էր, սակայն նույն օրն էլ ազատ արձակվել։ Նրա նկատմամբ ներկայացվել էր կալանավորման միջնորդություն։ Գասպարյանի ձերբակալությունից մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ հիշատակեց այդ միջադեպը։
Այստեղ հարց է առաջանում՝ սա պատահականություն է, թե ծրագրված քաղաքականություն։ Փաշինյանի նման հայտարարարություններից հետո անպայման ինչ-որ բան կատարվում է։ Նման կոշտ արտահայտություններից մեկն էլ հնչել էր 2024 թվականի նոյեմբերին, երբ Փաշինյանի՝ «համբերության բաժակը» լցվելու պատճառով մի շարք պաշտոնյաներ աշխատանքից ազատման դիմումներ էին գրել։