ՀայաստանՔաղաքականություն

Բաքվի բանտում պահվող Լևոն Մնացականյանը նոր ցուցմունք է տվել

Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը։ Նիստի ընթացքում հարցերին պատասխանել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։

Լևոն Մնացականյանն ասել է, որ Արցախի պաշտպանության նախարար եղած ժամանակ ինքը Արցախի նախագահին չի զեկուցել որևէ փոփոխության, բարեփոխումների, իրադարձությունների մասին։

Նա նաև իբր, նշել է, որ իր թեկնածությունը ներկայացրել է ՀՀ պաշտպանության այդ ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանը, որից հետո Սարգսյանը հաստատել է այդ նշանակումը:

Լևոն Մնացականյանը մեկ այլ դատավարության ընթացքում հաստատել է իր մասնակցությունն Արցախի ազատագրական պայքարին և նշել՝ որտեղ էլ չի մասնակցել, եթե անհրաժեշտությունը լիներ՝ կմասնակցեր։

Լևոն Մնացականյանի խոսքերում հստակ տարբերություն կա նախորդ (որը նա արել է մարտի 4-ի դատավարության ժամանակ) և վերջին նիստում ասված հայտարարության միջև։ Ինչո՞վ են պայմանավրոված այս հակասությունները։ Արդյոք սա ադրբեջանական ճնշումների արդյունք չէ։ Նշենք, որ դատական նիստերը լուսաբանվում են միայն ադրբեջանական լրատվամիջոցների կողմից։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 3-ին։ Հաջորդ ​​նիստին ևս կշարունակվի հայ գերիների հարցաքննությունը։

Սեդա Մարտոյան