Եվրոպայի ամենավտանգված վայրերի շարքում հայկական հուշարձան է ընդգրկվել
2025 թվականի Եվրոպայի ամենից վտանգված 7 ժառանգության վայրերի շարքում ընդգրկվել է նաև Տավուշի Առաքելոց վանքը։ Այն գտնվում է 2024 թվականին սահմանազատված Կիրանց գյուղի տարածքում։
Ցանկում ընդգրկված վայրերից յուրաքանչյուրն արժանանում է «Եվրոպական ներդրումային բանկի ժառանգության դրամաշնորհի»՝ 10,000 եվրոյի չափով։ Դրանք օգտագործվելու են նմանատիպ կառույցները պահպանելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար։ Ընտրությունների արդյունքները հրապարակվել են մարտի 18-ին։
2025-ի Եվրոպայի ամենից վտանգված 7 ժառանգության վայրեր են ճանաչվել.
— Առաքելոց վանական համալիր և գյուղատեղի, Հայաստան
— Գլխավոր շտաբի մոդեռնիստական համալիր, Բելգրադ, Սերբիա
— Մոնեմվասիայի ամրոց, Հունաստան
— Նիբորգ ամրոց, Դանիա
— Վալհալլա լողասրահ, Գյոթեբորգ, Շվեդիա
— Վիկտորյա Թաուերի այգիներ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
— Օռլայի Մեծ սինագոգ, Լեհաստան
Առաքելոց վանքից մնացած ժառանգությունից նշանավոր է Սուրբ Սարգսի որմնանկարը, որը հայ սուրբի հազվագյուտ պատկեր է: Բնակավայրի մնացորդները ներառում են զույգ եկեղեցիներ, քարավանատուն, ձիթհան և Սրանոց կամուրջ, որոնք միասին պատմում են հայկական մետաքսի ճանապարհի՝ միջնադարյան առևտրի աշխույժ կենտրոն լինելու մասին:
2013-ից՝ մեկնարկից ի վեր «7 ամենավտանգված» ծրագիրը գործում է որպես քաղաքացիական հասարակության առանցքային նախաձեռնություն, որի նպատակը Եվրոպայի վտանգված ժառանգության պաշտպանությունն է։