
Տիգրան Ավինյանը հանդիպել է Անաստաս Միկոյան 64 հասցեի բազմաֆունկցիոնալ համալիրի բնակիչներին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Դավթաշենում՝ Անաստաս Միկոյան 64 հասցեում գտնվող նորակառույց բազմաֆունկցիոնալ համալիրի բնակիչներին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչները։
Բնակիչները բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրները՝ կապված շինարարական ու տարածքային հարցերի հետ։ Քաղաքապետը վստահեցրել է, որ շենքին կից՝ շուրջ 4000 քմ մակերեսով հողատարածքի վրա շինարարություն չի լինի։ Ավինյանը բացատրել է, որ դրա համար կան օրենսդրական արգելքներ, և այդ տարածքը ներառված չէ Երևանի 2024 թ․ գլխավոր հատակագծով կառուցապատման թույլատրելի գոտիների մեջ։
Քաղաքապետը նաև ընդգծել է, որ քաղաքապետարանը պատրաստ է աջակցել շենքի և կից տարածքի բարեկարգման ու շահագործման թույլտվությունների հարցում՝ օրենքի սահմաններում։