
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործը կուղարկվի նոր քննության
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված արդարացման որոշումը բեկանվել է։ Տեղեկությունը հայտնել են Հայաստանի գլխավոր դատախազությունից։
Ըստ դատախազության՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է մեղադրող կողմի բողոքը՝ ուղարկելով գործը նոր քննության։ Հիշեցնենք, որ 2023-ի մայիսի 31-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեք անձանց արդարացրել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականին Սերժ Սարգսյանը, Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ և գյուղնախարարության պաշտոնյաների մասնակցությամբ, կազմակերպել է պետական բյուջեից 489 մլն դրամի վատնում՝ դիզելային վառելիքի սուբսիդավորման ծրագրի շրջանակում։ Գործի շրջանակում մեղադրյալներ էին նաև նախկին նախարար Սերգո Կարապետյանը և նրա տեղակալ Սամվել Գալստյանը։ Երկուսն էլ մահացել են կորոնավիրուսից, ինչի հիմքով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։