ՀայաստանՍոցիալական

Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենի վերաբերյալ քրեական գործը դատախազը հանձնել է Հակակոռուպցիոն դատարան

Երևանի մետրոպոլիտենը 11 տարի ղեկավարած Փայլակ Յայլոյանի և այլոց վերաբերյալ քրեական գործը դատախազը հանձնել է Հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին իմանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից։ 2008-2019 թվականներին զբաղեցնելով «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ընկերության տնօրենի պաշտոնը՝ Յայլոյանը կատարել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ։ Նա մեղադրվում է մետրոպոլիտենից մոտ 367 միլիոն դրամ հափշտակելու մեջ։

Մեղադրանքներից մեկով՝ նա մետրոպոլիտենի տարածքների մի մասը անհավանական ցածր գնով, ձևական աճուրդով վաճառել է իր ավագ որդուն։ Ոչ պիտանի լինելու հանգամանքը նշելով՝ նրանք 944,5 քմ մակերեսով նկուղային հարկը օտարվել է։ Կեղծ հաշվետվությունների և փաստաթղթերի արդյունքում ընկերության սեփականատիրոջ որդին 194 մլն 880 հազար դրամ արժողությամբ տարածքը օտարել է 75 մլն 393 հազար դրամով։

Բացի այդ, Մետրոպոլիտենում աշխատանքի է ընդունվել 3 վարորդ, որոնք, փաստացի չեն աշխատել մետրոյում։ Այս քայլին Յայլոյանը դիմել է Երևանի քաղաքապեարանի աշխատակազմի քարտուղարի նախկին տեղակալի խնդրանքով։ Հետագայում այդ վարորդները ծառայել են քաղաքապետարանի աշխատակցին և նրա ընտանիքին։ Մի շարք քաղաքացիներ նույնպես ընդունվել են աշխատանքի, սակայն այդպես էլ չեն աշխատել Մետրոպոլիտենում։

Մեղադրանք է առաջադրվել նաև մոտ 110 հազար լիտր բենզին յուրացնելու, հափշտակումների հատկանիշներով։

Փայլակ Յայլոյանի, որդու և ևս 4 անձի վերաբերյալ գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Յայլոյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը, որդու նկատմամբ՝ բացակայելու արգելքը։