ՀայաստանՔաղաքականություն

Երևանը փոխանցել է հրադադարի խախտումների վերաբերյալ հետաքննության տվյալները

Հայաստանը հետաքննություն է իրականացրել Ադրբեջանի կողմից հայտարարված հրադադարի խախտումների վերաբերյալ և արդյունքները փոխանցել է ադրբեջանական կողմին։ Հետաքննության արդյունքում պարզվել է, որ նման խախտումներ, ըստ Հայաստանի տվյալների, չեն արձանագրվել։

Տեղեկությունը հայտնել է Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ մայիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Նրա խոսքով, Հայաստանը նախապես դիվանագիտական ուղիներով դիմել էր Ադրբեջանին՝ խնդրելով տրամադրել տվյալներ այն խախտումների վերաբերյալ, որոնց մասին պարբերաբար հայտարարում է Բաքուն։ Ստացված տեղեկատվության հիման վրա հայկական կողմը կատարել է ուսումնասիրություն և արձանագրել, որ այդ խախտումները չեն համապատասխանում իրականությանը։

Նա ընդգծել է նաև, որ Հայաստանը ևս Ադրբեջանին է փոխանցել իր կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ տվյալներ և ակնկալում է դրանց վերաբերյալ պատշաճ հետաքննություն։

Հիշեցնենք, որ վերջին շաբաթների ընթացքում Սյունիքի և Տավուշի մարզերի մի շարք սահմանային համայնքներում պարբերաբար կրակոցներ են արձանագրվում։ Հայկական կողմը նախկինում առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ ստեղծել համատեղ հետաքննության մեխանիզմ, սակայն ադրբեջանական կողմը դեռ չի արձագանքել այդ առաջարկին։